Ես ապրում եմ Էջմիածնում ․․․
Էջմիածնի փակ փողոցների, փակ սրճարանների, փակված մարդկանց ու փակ օդերի մասին շատ լսած կլինեք, անշուշտ լսած կլինեք նաև քաղաքի տիրոջ մասին, ով
իր գործողություններում բաց լինելով, բոլոր «փակերի» հեղինակն է ․․․ Իրականում Էջմիածինն
ու էստեղ եղած իրավիճակը դեռ մանկուց են շատ հարցեր առաջացրել ինձ մոտ, ու շատ վաղ
հասակից քաղաքի՝ մեկ հոգուն պատկանելը միշտ խնդիրներ է ստեղծել ինձ համար: Սկզբում՝
բակում, հետո՝ դպրոցում, հետո՝ երաժշտականում, շատ հաճախ՝ քաղաքում իրականացվող մրցույթների,
օլիմպիադաների ու նման շատ այլ բաների ժամանակ, գիտակցական տարիքից սկսած՝ ընտանիքի
անդամների, հարազատ-բարեկամների հետ հարաբերություններում և միշտ՝ ուղղակի փողոցում
քայլելիս ․․․
Երբ փոքր էի հաճախ է նշմարում փողոցներ, որոնք ուղղակի փակ են
և ոչ ինչ-որ վթարի, միջոցառման, կարևոր արարողության պատճառով, դրանք ուղղակի միշտ
փակ էին: Հետո նկատեցի, որ որոշ փողոցներով միջին վիճակագրական քաղաքացիները ուղղակի
չեն կարող քայլել, որ կան որոշ վայրեր, որտեղ, չնայած անօրինական չլինելուն, շատ մեքենաներ
չեն կարող կայանել, հետո՝ այդ վայրերում հաճախ ծակ անիվներիով մեքենաներ աչքովս ընկան
․․․
Երբ դպրոց գնացի, հաճախ էին հարցեր լինում, թե ի՞նչ կապ ունեմ
նույն ազգանունս կրող այլ մարդկանց հետ, ովքեր իրենց հերթին մոտ էին կանգանած Էջմիածնի
«տերերին» ու հաճախ այդ մարդկանց հետ իմ կապ ունենալ-չունենալը շատ բան էր որոշում․․․ Հենց որ սկսեցի մեկ-երկու մրցույթի մասնակցել, կողմնակալ վերաբերմունք
նկատեցի ու շատ արագ հասկացա, թե ինչի կամ ում հետ է դա կապված ․․․
Ավագ դպրոցում հաճախ էի նկատում, որ դպրոցում արվող շատ քայլեր
ազդված են քաղաքում տիրող իրավիճակից, որ իրականացվող միջոցառումների պատվավոր հյուրերը
գլխավորապես քաղաքի «տերերն» ու նրանց մտերիմներն են ․․․Դէ, էլ չեմ խոսում
աշակերտների նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մասին ․․․ Իրականում, ես
մի տեսակ թքած ունեի ու էլ չէի նեղվում այս ամենից, ինչպես օրինակ կարող էի նեղվել
միջին դպրոցում կամ դրանից առաջ, որովհետև կարծես սկսել էի հավատալ, որ ոչ ոք չի կարող
այս ամենի դեմն առնել ․․․
Երաժշտական դպրոցի վիճակը մի քիչ ավելի մեղմ էր, կամ ես շատ չէի
խորանում, բայց իհարկե այն ևս ենթարկվում էր քաղաքում տիրող օրենքներին: Դպրոցի շենքը
բավական անմխիթար վիճակում էր շատ երկար ժամանակ՝ 10 տարի կամ գուցե ավել, բայց, չնայած
քաղաքապետարան ուղարկվող բազում նամակներին, այն չվերանորոգվեց մինչև տնօրենի փոխվելը
․․․ Դէ իհարկե նոր
տնօրենը քաղաքում որոշում կայացնողների մարդկանցից էր ․․․
Այստեղ ապրելով ու ամեն
օր այս ամենի ականատեսն ու մասնակիցը լինելով, բնական է, որ ինչ-որ վերաբերմունք պետք
է ձևավորվեր ․․․ Անընդհատ այս ամենը տեսնելով, հասկացա, որ ուղղակի սկսել եմ
չսիրելը Էջմիածինը: Ես հաճախ էի ինձ բռնում, երբ հարցին, թե ինչու՞ չեմ ուզում ապրել
էստեղ պատասխանում էի, որ քաղաքը լավն է, բայց մթնոլորտը չեմ սիրում ․․․ Իրականում ես քաղաքը չեմ սիրում, որովհետև երբեք չեմ զգացել,
որ այն իմն է, իմ քաղաքն է, որովհետև, ու՞մ եմ խաբում, այն ոչ իմն է, ոչ էլ որևէ այլ
քաղաքացունը ․ մենք բոլորս գիտենք
քաղաքի տիրոջը ․․․․
Ներքաղաքական վերջին
իրադարձությունների ժամանակ Էջմիածնում ևս փոփոխություններ եղան, մարդիկ սկսեցին դուրս
գալ փողոց, պահանջատեր լինել ու կարծես կամաց-կամաց սառույցը կոտրվում էր ․․․ Մի պահ մտածեցի, թե մաֆիան ու «գողական» մթնոլորտը նահանջելու
են ու գուցե Էջմիածինն այլևս երկրի կրիմինալ քաղաքներից մեկը չի համարվելու ․․․ Չէ, շուտ էի ուրախացել ․․․
Այսօր քաղաքի փողոցներից
մեկը կրկին անանցանելի էր՝ անգամ ոտքով քայլելու համար: Գիտե՞ք ինչու, որովհետև ինչ-որ
մարդիկ որոշել էին կենտրոնական փողոցներից մեկում գտնվող սրճարանից օգտվել ․․․ Չէ, այս անգամ այն մարդիկ չէին ում սովոր ենք տեսնել այս կարգավիճակում,
սա մի նոր խումբ է, ով որոշել է ինչ-որ բան փոխել Էջմիածնում ․․․Վերջրես հաճախ եմ լսում, թե ինչ-որ մարդիկ եկել են Էջմիածնում
իրավիճակ փոխելու ․․․Ժամանակին քաղաքը լքած կրիմինալ մի խումբ վերադարձել է, որ փոխի այն իրավիճակը, որը ստեղծվել է մեկ ուրիշ խմբի կողմից:
Ծիծաղելի է ․․․ Ակնհայտ է, որ ոչ ոք չի էլ մտածում քաղաքի, բնակիչների, նրանց
կյանքի բարելավման և առհասարակ ինչ-որ բան դեպի լավը փոխելու մասին, մարդիկ ուղղակի
իրար դեմ պայքարը վերսկսում են և իհարկե այս ամենից տուժելու են սովորական քաղաքացիները
․․․
Լավ ինչպե՞ս եք պատրաստվում
փոխել քաղաքում տիրող մթնոլորտը, կրկին փողոցներ փակելո՞վ, կրկին մարդկանց շրջանում
վախ տարածելո՞վ, քաղաքն էլի մեկ հոգու ձեռքում կենտրոնացնելո՞վ: Ի՞նչն է փոխվել կամ
փոխվելու ․․․ ամեն ինչ նույնն է ու ոչինչ չի փոխվելու քանի քաղաքի համար երկու ուժեր
են պայքարում ․․․ Ու ընդհանրապես ինչու՞ քաղաքը պետք է նման մարդկանց ձեռքում լինի
․․․ Փոփոխություն չէ մի «գողականին» մյուսով փոխարինելը, որն ակնհայտ ավելի վատն է
լինելու, փոփոխություն չէ մի փողոցի փոխարեն մյուսը փակելը կամ մեկ ուրիշ սրճարան սեփականաշնորհելը․․․
Երբ քաղաքացիները հաճախ վախենում են խանութ գնալ կամ զբոսնել, մեքենան մի որևէ տեղ
կանգնեցնել, կամ եթե անգամ չեն վախենում, ուղղակի քայլելու կամ երթևեկելու տեղ չունեն,
սա ինչի՞ է նման, փոփոխությա՞ն, հեղափոխությա՞ն ․․․ Էջմիածինը միշտ էլ երկրի ամենախնդրահարույց
քաղաքներից է եղել, բայց երբեք բավարար ուշադրություն և ռեսուրս չի կենտրոնացվել այստեղի
խնդիրները լուծելու համար, մինչդեռ դրանք միշտ շատ ակնառու են եղել: Լավագույն փոփոխությունը,
որ Էջմիածնում արվել է, քաղաքի փողոցներում տեղադրված լապտերներն են ու մի քանի վերանորոգված
փողոցներ ․․․
Առաջընթացի հետ ոչ մի
առնչություն չունի այն, որ քաղաքացիները գործիք են դառնում երկու մարդու պայքարում
և դրանից հետո էլ քաղաքացին շարունակում է գործիք մնալ «հաղթողի» ձեռքում ․․․ Մենք ուղղակի պատրաստվում ենք դեմքեր փոխել, բայց գործողությունները նույնն են մնալու:
Այս ամենից հետո տպավորություն
ունեմ, թե 20-րդ դարի 2-րդ կեսում ենք դեռ ու առաջ գնալու հույս էլ չի երևում ․․․ Էջմիածնում
հիմա շաաատ դժվար է խոսել ժողովրդավարության, հավասարության, արդարության, անկողմնակալության
մասին, էլ ուր մնաց սկսենք խոսել խտրականության, բռնության և նման շատ այլ խնդիրների
լուծման մասին:
Մեզ մոտ դեռ բան չի
փոխվել ․․․ Չէ, մի բան փոխվել, ես քիչ-քիչ սկսում եմ քաղաքն իմը համարել ․․․
Comments
Post a Comment