Skip to main content

Ինչու՞ ենք մենք վախենում դաշտանից


Դաշտան․․․ երբևէ լսե՞լ եք էս բառը՝ դասընթացներից, բժշկական հաղորդումներից դուրս՝ առօրյայում, կամ ինչքա՞ն հաճախ եք ինքներդ օգտագործել դաշտան բառը, իսկ, «հիվանդացել եմ», «մեջքս բացվել ա», «մորքուրս ա էկել/զանգել», «գործերս սկսել են», սրա՞նք: 
Կանանց մեծամասնությունը դաշտան տեսնում ու դրա հետ առնչվում ա գրեթե ամեն ամիս, և, ընդհանրապես, դաշտանային ցիկլը կնոջ վերարտադրողականության կարևորագույն մասն ա, ինչի մասին մենք պիտի հնարավորինս շատ տեղեկություն ունենանք ու դեռ դպրոցական տարիքից, երբ հասունացման շրջանը նոր պիտի սկսվի: Չնայած սրա այսչափ կարևոր լինելուն, մեզ հետ գրեթե երբեք չեն խոսում դաշտանի ու սեռահասունացման մասին: Օրինակ դպրոցում, հիշու՞մ եք ձեր կենսաբանության դասագրքերի այն էջերը, որտեղ մարդու սեռահասունացման մասին մի քանի բան կար գրված: Շատերիդ գրքերում էջերը երևի պատռված են եղել, կամ ինչ-որ խզբզանքներով փակված են եղել սեռական օրգանների նկարները, ու գուցե շատերդ ամոթից չեք էլ կարդացել գրվածը, թերթել, անցել եք առաջ: Իսկ ձեր ուսուցիչներին այդ դասերի օրերին հիշու՞մ եք: Էնպես ա ստացվել, որ ինձ շատ պատմություններ են պատմել էն մասին, թե ո՞նց ա ուսուցիչը ամոթից կարմրելով մի երկու բան հազիվ պատմել աշակերտներին՝ երբեմն տղաներին դասարանից հանելով, կամ, որ ուղղակի չի քննարկել թեման, դէ, լավագույն դեպքում էլ՝ «տանը կկարդաք, եթե հարցեր ունենաք, կասեք»․․․
Մենք, օրինակ, ինքներս տանը կարդացինք, ու «շատ լավ ամեն ինչ հասկացանք», էնքան լավ, որ հաջորդ դասին ոչ մի հարց չունեինք: Մինչև հիմա լավ հիշում եմ, որ դասարանում կողքիս նստող տղան ինձ ասեց, որ դասից ամեն ինչ հասկացել ա, բացի աղջիկների բաժնի դաշտանից, ու խնդրեց որ բացատրեմ իրեն, դէ ես էլ ի՞նչ ասեի, ինքս շատ բան չէի հասկանում, մենակ գիտեի, որ հենց էդ սկսի, պիտի արյուն գա: Ամենասկզբում մտածում էի, որ հենց սկսեմ դաշտան տեսնել, ամեն օր արյուն պիտի գա՝ մինչև 40-50 տարեկան, հետո պարզվեց, որ ամեն ինչ մի քիչ ուրիշ է իրականում, մի քիչ շաատ․․․․ 
Իմ պատմությունն էստեղ թողնենք ու խոսենք մեր բոլորի պատմությունից, չնայած իմը երևի շատ չի տարբերվում ձեր փորձից: Ծանոթներիս մեծ մասն առաջին անգամ դաշտան տեսնելուց մի լավ վախեցել ա, մտածել, թե հիվանդություն ունի, հետո ուղղակի ասել են, որ դա նորմալ ա, ու վերջ: Իսկ որտեղի՞ց էդ արյունը, որ ամեն ամիս գալիս ա: Հարցի լավագույն պատասխանը, որ հաճախ մեզ տալիս են «օրգանիզմն էդպես մաքրվում ա»-ն ա: Բա էդ դեպքում ինչի՞ տղամարդկանց օրգանիզմը չի մաքրվում, կամ ո՞նց էր մեր օրգանիզմը մաքրվում դաշտանի սկսվելուց առաջ, կամ էլ դաշտանադադարից հետո: Հարցեր, որ հիմնականում անպատասխան էլ մնում են: 
Էս ամենի փոխարեն մեզ ուղղակի կարող էին ասել, որ որոշակի տարիքից սկսած, կնոջ օրգանիզմն ամեն ամիս պատրաստվում է հղիության, և արգանդում որոշակի քանակությամբ, օգտակար նյութեր պարունակող, արյուն ա հավաքվում, որը, հղիության դեպքում, պիտի սնունդ հանդիսանա պտղի համար, բայց քանի որ հղիություն տեղի չի ունենում, հավաքված արյունը, արգանդավզիկի ու հեշտոցի միջոցով, դուրս ա գալիս  օրգանիզմից, ու սա հենց դաշտանային ցիկլն ա: Հեշտ էր, չէ՞: Երևի էնքան էլ հեշտ չի․․․ Նկատեցի՞ք ինչքան բառ օգտագործեցի, որ ամոթ էր ասել․ արգանդ, արգանդավզիկ, հեշտոց, դաշտանային ցիկլ: Էս ամենը մեզ հաճախ չեն պատմում հենց ամոթի պատճառով, կամ եթե պատմում էլ էն, փորձում են բառերի ու բառակապակցությունների անիմաստ մի շարք օգտագործել, միայն թե չասեն երկվանկ, ու շատ պարզ մի բառ՝ դաշտան: 
Դաշտանի, ու առհասարակ սեռականության մասին մեր մշակույթում ընդունված չի խոսել, ներքև նայելն էլ շատ չի խրախուսվում, շոշափելու ու մարմինը ճանաչելու մասին ընդհանրապես մոռացեք: Դաշտանից չխոսելու, ու դրա հետ կապված ամոթի մասին մարդկանց շատ հարցեր եմ տվել ու, գիտե՞ք, հիմնականում բացատրություն չունեն, մարդիկ ուղղակի գիտեն, որ դրա մասին պետք չի ո՛չ խոսել, ո՛չ լսել, ո՛չ էլ առանձնապես խորանալ․ արյուն ա էլի, ոնց գա տենց էլ կգնա ․․․․․
Իսկ դաշտանի «առաջացման» մասին հեչ պատմություններ լսե՞լ եք: Ինձ, օրինակ, պատմել են, որ դաշտը կնոջը տրվել ա Եվայի մեղքերի համար, որպես ամբողջ կյանքի պատիժ: Միևնույն ժամանակ ասել են, որ մայր լինելը կնոջ մեծագույն պարգևն ա: Այ, իսկ «առանց դաշտան, ո՞նց պիտի երեխա ունենան» հարցին ոչ մի պատասխան չկա:
Երևի լսած կլինեք, որ հնում, երբ մարդիկ չեն հասկացել, թե դաշտանն ի՞նչ ա, ու ինչու՞ են կանայք պարբերաբար արյունահոսում, շատ վախեցել են դրանից, ու մտածել են, որ կանանց մեջ ինչ որ դիվային, կախարդական մի բան կա, ու էդ օրերին պիտի իրենցից շատ զգույշ լինել: Մեկ-մեկ ինձ թվում ա, որ մարդիկ մինչև հիմա վախենում ու զգուշանում են դաշտանից: Ինչու՞: Ասեմ, օրինակ նրա համար, որ դաշտանի օրերին կանանց արգելված ա եկեղեցի մտնել, կամ նորածին երեխային մոտ գնալ: Ինչու՞: Ասեմ, ուրեմն էդ օրերին կանայք անմաքուր են: Ինչու՞: Չգիտեմ:
Դաշտանի մասին խոսելը շատ կարևոր ա, ու կարևոր ա, որ դրա մասին չխոսվի ամոթով, ծիծաղելով, տհաճությամբ, կցկտուր և ֆիզկուլտուրայի ուսուցչի տեսանկյունից, ով շատ գլուխ չի հանում դրանից: Դաշտանի մասին պիտի նորմալ, և իրականությանը համապատասխանող ինֆորմացիա տրվի դպրոցում (նաև այլ հարթակներում, բայց դպրոցը ամենակարևոր տեղն է), այն ուսուցչի կողմից, ում մասնագիտական ոլորտը ներառում ա դաշտանն ու սեռահասունացումը: Շատ կարևոր ա, որ մարդիկ դաշտանն ընկալեն, իբրև իրենց օրգանիզմի կարևոր ֆունկցիա, որին պետք ա ուշադրություն դարձնել, որի մասին կարող են սովորական խոսել, էնպես, ինչպես կխոսեին մարսողության, սրտի աշխատանքի կամ շնչելու մասին: 
Հա, մի բան էլ, սրանից հետո, եթե կարիք կլինի դաշտանի մասին խոսել, հենց դաշտան բառն օգտագործեք, որովհետև դուք չեք հիվանդացել, ընդհակառակը՝ դաշտանի առկայությունը ձեր օրգանիզմի առողջ լինելու մասին ա խոսում: Հիշեցիք չէ՞, դաշտան:   

Comments

Popular posts from this blog

փողոցային

Երեկ իջել էի կենտրոն, մոտ 1.5-2 ամիս կենտրոնով չքայլելուց հետո վերջապես տաք ասֆալտն ու փոշոտ փողոցները տեսնելու պահն էր եկել: Հնարավոր բոլոր ձևերով ճանապարհս երկարացրի որ շատ լինելում փողոցներում: Ամբողջ մարմնով հասկացա, որ կարոտել եմ շոգ օդում շնչելուն ու ծառերի ստվերի հետևից գնալով քայլելուն, ֆիքսեցի որ ինձ ու ընկերենրիս եմ կարոտել դրսում: Հասկացա, որ ես սիրում եմ նեղ մայթերով քայլել, որտեղ շենքերը մեծ տարածք են զբաղեցնում, որ քայլում եմ հիմնականում մայթերի աջ կողմերով, մեկ-մեկ ձախով էլ եմ քայլում, բայց կենտրոնով քայլելուց անհարմարության զգացողություն եմ ունենում: Հիշեցի, որ կանգառները չեմ սիրում ու ֆիքսեցի որ կանգառների կողքով անցնելուց քայլերս արագանում են, իսկ սիրուն սրճարաններն անցնելուց մտքումս ասում եմ․ «հիշեմ մի օր գամ» ու հիմնականում չեմ էլ գալիս: Հասկացա, որ քաղաքն իմ ուզած տրամադրությունն ա ունենում ու որ ես եմ որոշում ինչ երաժշտության տակ պիտի էսօր շնչի քաղաքը․ դնում եմ ականջակալներս, որտեղ գանգուր մազերով տղան ռուսերենով երգում ա սպասող փողոցների մասին: Հրապարակ հասնո...

ամենօրյա լոքշ

ամենօրյա լոքշի մասին կարելի ա լիքը փիլիսոփայական գրքեր գրել, դեպրեսիվ (դեպրեսիա տերմինը չճիշտ օգտագործելու համար սիրանուշը մի հատ կճպըցնի, որովհետև ինքը հոգեբան ա ու գիտի, թե ի՞նչ ա իրականում դեպրեսիան) ու դպրեսիայից բացող կինոներ նկարել, պարապ լինելու դեպքում, ձեռի հետ էլ մշակութային֊ազգագրական հետազոտություններ անել: գիտե՞ք, որ լոքշի մասին ա խոսքը՝ էն, որ առավոտ 9-ին բուձելնիկդ զարթնում ա, դու իրան 10 րոպեն մեկ քնացնում ես, ինքը, ճակատը պնդած, մինչև 9.30 զնգում ա հետո դու հանձնվում ես ու աջ ձեռքով վերմակը մի կերպ վրայիցդ քաշում ես ու սկսում ես մրսել (ստեղ էն կարգինը կարաք հիշեք)․․․ մի ձև հասնում ես զուգարան, չիշիկ ես անում, հետո լավացվում ես, հետո մազերդ ոլորում, մի տեղ խցկում ես, որ ատամներդ լվաս: պաստան խոզանակի վրա լցնելու առաջին փորձը ձախողվում ա, երկրորդ անգամից պաստայակիր խոզանակը մտնում ա բերանդ: մի երկու անգամ թքում ես, հետո ողողում բերանդ, վերջում բերանիդ կողքերն ես լվում ջրով ու չորացնում դեմքդ: վերջին մի քանի ամսվա ընթացքում ատամ լվալը ամենադժվար բանն ա, որ առավոտներն ա...