Skip to main content

(ԱՆ)հավասարության Կասկադը


Մի օր գնացեք Կասկադ ու բարձրացեք մինչև վերջ, հասեք ամենավերջին աստիճանին, կանգնեք, շրջվեք դեմքով դեպի քաղաքը ու նայեք սկզբում աջ, հետո՝ ձախ։ Այն ինչ կտեսնեք՝ անհավասարությունն է։ Հիմա բացատրեմ ասածս։ Եթե եղել եք Կասկադում գուցե նկատած լինեք սա, իսկ եթե չեք եղել, ասեմ, թե ինչի կարող եք ականատես լինել։ Հենց որ նայեք աջ, իրար կողքի շատ նորակառույց, բարձրահարկ շենքեր կտեսնեք, հյուրանոցներ, սրճարաններ, բանկեր, համալիրը, ԱԺ-ի շենքն իր ողջ հմայքով, հետո նախագահականը, հետո դրանց դիմաց կանգնած շշմելու ավտոշարասյուն։ Կարող եք նկատել նաև, որ այդ կողմում շատ ակտիվ փողոցներ կան, անընդհատ մեքենաներ են գնում գալիս։ Հնարավոր է մի պահ նկատեք, որ ճանապարհային ոստիկաններն անսովոր շատ են, փողոցներն են փակում, մի խոսքով, ինչ-որ անհասկանալի աժիոտաժ է, չզարմանաք, ուղղակի էդ հրաշալի շենքերում աշխատողներից մեկն է տուն գնում, կամ՝ գալիս աշխատանքի։ Եթե երեկոյան գնաք շենքերի բոլոր լույսերը վառ կլինեն, մի խոսքով, կթվա, թե աշխարհի ամենահարուստ քաղաքներից մեկին եք նայում։ Հետո միանգամից ձախ նայեք։ Աչքերիդ առաջ անմիջապես մի անշուք, քարքարոտ, ոչ շատ մաքուր բլրակ կհայտնվի՝ վրան մի երկու սյուն։ Դրա ետևում կարող եք էլի մի բլուր տեսնել, վրան իրար շատ մոտ կառուցած մեկ կամ երկհարկանի սեփական տներ։ Եթե մութ չլինի հստակ կարող եք նկատել, որ դրանք այնքան էլ շքեղ չեն և վաղուցվա կառույցներ են՝ Սարի թաղ է։
Դրանից մի փոքր աջ, բլուրը կրկին ամայանում է։ Այդ կողմերում մի կամ երկու նեղ փողոց կա ընդամենը, որտեղով հազարից մեկ են մեքենաներ անցնում, և դրանք իհարկե չեք կարող համեմատել աջ կողմով անցնող մեքենաների հետ։ Ձեզնից ձախ, կարող եք նաև մի երկու բարձրահարկ շենք նկատել, որոնք, իհարկե բլրի վրա չեն և քաղաքի կենտրոնական փողոցներում են գտնվում։ Հետո դիմաց նայեք։ Ձեզ կարող է թվալ, որ ոչ մի արտասովոր բան էլ չկա։ Ամեն ինչ գեղեցիկ է, լուսավոր, և՛ շքեղ շենքեր կան, և՛ սովորական։ Անհավասարության պատկերն էլ այլևս նկատելի չէ։ Հետո կամաց-կամաց աստիճաններով իջեք ներքև ու քաղաքին նայեք ներսից։ Երբ վերևից եք նայում, ամեն ինչ ավելի տեսանելի է, իսկ երբ սկսում եք հետևել քաղաքին ներսից, աչքներիդ առջև հայտնված մի երկու գեղեցիկ շենքը, արհեստական ծաղիկները, լուսավոր փողոցները կարող են անտեսանելի դարձնել այն ամայությունը, որ տեսաք ձախ կողմում։ Ճիշտ նույն կերպ հասարակությունն է։ Երբ պարզապես նրա մեջ ես, չես նկատում, որ քեզ հանդիպած ժպիտների ետևում գուցե լացեր կան, չես նկատում, որ կեղծ հարգանքի ետևում կարող է խտրականություն լինել։ Երբ չես նայում վերևից, կարող ես չնկատել, որ հասարակությանդ մի մասն ապրում է մի կողմ քաշված բլրի վրա և, որ շատ քարքարոտ ճամփեք կան։
Ու գուցե չնկատես նաև, որ այդ ամենի պատճառն ընդամենը այն է, որ այդ մարդիկ չեն ուզում կրել այն նորմերը, որ պարտադրում են, աջ կողմում ապրողները։ Հնարավոր է, որ չնկատեք նրանց գոյությունը, որովհետև գուցե աջ կողմից մեկը մի բարձր շենք է կառուցել այդ ամենը քողարկելու համար ու դրանով հավասարության կեղծ շղարշ է ստեղծվել։ Դուք չեք կարող նկատել այս ամենը, քանի չեք փորձել մի պահ գնալ մտքներիդ կասկադը ու վերևից նայել հասարակությանը։ Երբ դա անեք, հաստատ կտեսնեք ձախ կողմ քաշված ու ինչ-որ անկյունում ապրող մարդկանց, կտեսնեք նաև, որ հավասարության անվան տակ Ձեզ ցույց տվածների հիմքերն իրականում շատ խարխուլ են և մի փոքր քամուց կարող են քանդվել։ Եթե ուշադիր լինեք, կնկատեք նաև, որ այն նորմերը, որոնք անհավասարության պատճառ են դառնում, շատ ամուր ու բարձր են կառուցված և շատ շքեղ են երևում, բայց, ինչպես այն շենքեր մտնելու համար, այս նորմերի համար ևս դուք շատ թանկ պետք է վճարեք ու գուցե չնկատեք էլ, թե ինչպես եք ակամայից դառնում դրանց կրողն ու շնչահեղձ լինելով ապրում, կարող եք նաև չնկատել, թե ինչպես եք սեփական արժեքներն ու նորմերը մի կողմ դնում, որպեսզի գործեն նրանք, որոնք դուք պարտադրված եք կրում, ճիշտ նույն կերպ, ինչպես առավոտյան ինքներդ աշխատանքից ուշանալով, կարող եք կայանել մեքենան մի կողմում, որպեսզի աջ կողմում աշխատողները գնան իրենց գործին։
Թվում է, թե մենք շատ հավասար պայմաններում ենք ապրում, ի՞նչ խտրականություն, ի՞նչ բռնություն, ի՞նչ պարտադրանք, բայց բավական է ընդամենը բարձրանալ կասկադի աստիճաններն ու ամեն ինչ տեսանելի կդառնա․․․․․․․․

Comments

Popular posts from this blog

Multiculturalism in the Wider Europe - Reflection on the Current Situation

Authors: Aida Marukyan (AR), Ia Melkadze (GE), Marian Melnyk (UA) IAM team, #challenge1918|2018|2118 Multicultural – Intercultural Difference Seller of beach towels, Italy, 2018. Photo: Melkadze Ia The rapid international migration and the associated socio-economic landscape shifts brought about new realities that need relevant action in the EU member states and the wider neighborhood. In this article, we reflect upon the current situation of multicultural Europe focused on the perceived challenges and their influence on people’s daily lives and the legal framework. The key message that we embrace is that in addition to being multicultural, Europe also needs to be a more intercultural place. For the beginning, let us inquire the difference between the terms “Multicultural” and “Intercultural” society. “ Multicultural refers to a society that contains several cultural or ethnic groups. People live alongside one another, but each cultural group does not necessarily ...

Ինչու՞ ենք մենք վախենում դաշտանից

Դաշտան․․․ երբևէ լսե՞լ եք էս բառը՝ դասընթացներից, բժշկական հաղորդումներից դուրս՝ առօրյայում, կամ ինչքա՞ն հաճախ եք ինքներդ օգտագործել դաշտան բառը, իսկ, «հիվանդացել եմ», «մեջքս բացվել ա», «մորքուրս ա էկել/զանգել», «գործերս սկսել են», սրա՞նք:  Կանանց մեծամասնությունը դաշտան տեսնում ու դրա հետ առնչվում ա գրեթե ամեն ամիս, և, ընդհանրապես, դաշտանային ցիկլը կնոջ վերարտադրողականության կարևորագույն մասն ա, ինչի մասին մենք պիտի հնարավորինս շատ տեղեկություն ունենանք ու դեռ դպրոցական տարիքից, երբ հասունացման շրջանը նոր պիտի սկսվի: Չնայած սրա այսչափ կարևոր լինելուն, մեզ հետ գրեթե երբեք չեն խոսում դաշտանի ու սեռահասունացման մասին: Օրինակ դպրոցում, հիշու՞մ եք ձեր կենսաբանության դասագրքերի այն էջերը, որտեղ մարդու սեռահասունացման մասին մի քանի բան կար գրված: Շատերիդ գրքերում էջերը երևի պատռված են եղել, կամ ինչ-որ խզբզանքներով փակված են եղել սեռական օրգանների նկարները, ու գուցե շատերդ ամոթից չեք էլ կարդացել գրվածը, թերթել, անցել եք առաջ: Իսկ ձեր ուսուցիչներին այդ դասերի օրերին հիշու՞մ եք: Էնպես ...

սպառված լինելու, թուլության ու դատարկության մասին

վերջին անգամ չեմ հիշում երբ էի թուղթը բացել հենց բլոգ գրելու համար, մանավանդ որ էմոցիաներիցս պիտի խոսեմ։ էս երևի բաց լինելու ու էմոցիաներիցս հատուկ խոսելու որոշմանս պրակտիկ արտահայտումներիցս մեկն ա, չգիտեմ․․․  կյանքիս էս փուլում սպառվածը լավագույն բառն ա, որ նկարագրում ա ինձ․ էմոցիոնալ, ֆիզիկական, աշխատանքային ու միջանձնային հարաբերությունների մակարդակներում ես սպառված եմ։   ներսումս բառեր չկան, որ ուզում եմ ասել․ էս միտքը/զգացողությունը ամենաշատն եմ ունենում վերջերս։ մտածում էի երևի դատարկված եմ, ինչ-որ դատարկ շրջան ա մոտս, բայց չէ դատարկ լինելը ավելի կարիքս ա էս պահին, քան էն ինչ ունեմ։ ես անընդհատ ինչ-որ շփումների մեջ եմ, օրվա ու շաբաթվա մեծ մասը ես մարդկանց հետ եմ շփվում, շատ մարդկանց, անընդհատ խոսում եմ, լսում եմ, ասում եմ, օրվա վերջում էլ մեսինջերս եմ ստիպված բացում, որովհետև անընդհատ եկող ծնգոցը, մարդկանց նեղացած նամակները ավելի տհաճ են, քան շատ նամակներին պատասխանելը։ տպավորություն ունեմ, որ մարդիկ անընդհատ շփվելու ակնկալիք ունեն ինձնից․ ընտանիք, ընկերներ, ծանոթնե...